PozitiFF :))) - Paragliding in Armenia

Paragliding in Armenia

դեպքեր
Եղել են դեպքեր, երբ 40 րոպե սար ենք բարձրացել և թռել ընդամենը մի քանի րոպե` մոտ 2-3. Ակումբում նման թռիչքներն անվանում ենք պըռ-գըմփ, բայց լինում նե նաև երկու ժամանոց թռիչքներ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում (օրինակ` Հատիսից մինչև Սևան կամ Գառնի): Օդում թռիչքի տևողությունը կախված է ոչ միայն օդաչուից, այլև եղանակից: Թռնելու համար ուժ առանձնապես պետք չէ. ամենաթույլ մարդն էլ ճիշտ պայմանների դեպքում կարող է թռնել: Սակայն ուժեղ քամու դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Եղել են դեպքեր, երբ նույնիսկ մի քանի հոգով չենք կարողացել մի պարապլանը պահել
,-պատմում է #Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիա հասարակական կազմակերպության փոխնախագահ Միհրան Սահակյանը:
եկան, թռան, գնացին
Հայաստանում պարապլանիստների ակումբը հիմնադրվել է 1990-1993 թվականներին: Մի խումբ ֆրանսիացի պարապլանիստներ եկել են Հայաստան, թռել, հետո իրենց “թևերը” թողել ու առանց “թևերի” գնացել են “խոսքը նույն պարապլանի աերոդինամիկ թևի մասին է”: Սկզբում այն եղել է դելտապլանիստների ակումբ: Պարապլանն ու դելտապլանը, ինչպես ինքնաթիռը, ունեն աերոդինամիկ թև, որի վերևի մասը ավելի կոր է, ներքևը` հարթ, և երբ օդն անցնում է, ճնշում է առաջանում, ինչի շնորհիվ էլ կարողանում ես օդ բարձրանալ` թռնել: Հայաստանի պարապլաներային սպորտի ակումբում կա մոտ 25-30 ակտիվ թռնող: Գլխավոր մարզիչը Աճեմյան Հարությունն է, ով պրակտիկորեն թռնել է սովորեցրել բոլորին: Ակումբի ամենատարեց անդամը Ռիչարդն է (անգլիացի): Վերջինս 60-ն անց է և սկսել է թռնել 62 տարեկանից: Հայաստանաի պարապլանիստների ակումբը համագործակցում է “Սպիտակ փրկարարական ջոկատի” հետ` պարբերաբար անցկացնելով թրեյնինգներ:
պարապլանի կառուցվածքը
Պարապլանը շատ հաճախ շփոթում են պարաշյուտի հետ, որոնք իրոք իրար նման են, թե արտաքնապես, թե այլ հատկանիշներով, սակայն տարբեր է դրանց “փիլիսոփայությունը”: Ի տարբերություն պարաշյուտի, որը բացում ես, որպեսզի հանգիստ իջնես ներքև, պարապլանի ֆունկցիան այլ է. սկզբում անհրաժեշտ է “թևը” սար բարձրացնել, հետո այն լցնել օդով և ապա նոր թռնել: Բարձրություն հավաքելու դեպքում կարելի է զգալ “ազատ թռիչքի” հաճույքը:
Պարապլանը պատրաստվում է շատ թեթև կտորից` գելվենորից: Վերջինիս շնորհիվ պարապլանի քաշը չի գերազանցում 6-7 կգ-ը, և սա 25-29 մ2 մակերեսի դեպքում: Համակարգի թռիչքային քաշը կախված է օդաչուի քաշից և միջինում կազմում է 90 կգ: Եթե փորձենք այս թիվը բաժանել դրա զբաղեցրած տարածքի` մակերեսի վրա (25-29 մ2), կստանանք մոտ 3 թիվը: Վերջինիս շնորհիվ է, որ պարապլանը կարողանում է բարձրություն հավաքել նույնիսկ թույլ հոսանքների դեպքում, և կարող է օդում բավական երկար մնալ` առանց որևէ շարժիչի:
բաղկացուցիչ մասեր
Վայրէջքն ամբողջովին կառավարելի է: Պարապլանը հիմնականում կառավարվում է 2 թելերի միջոցով, որոնք գտնվում են օդաչուի ձեռքում: Յուրաքանչյուր պարապլան ունի մինիմալ ու մաքսիմալ քաշեր` մինչև 200 կգ: Որպեսզի թռնել և կառավարել պարապլանը, անհրաժեշտ է ինչ-որ կերպ կառչել դրանից: Պարապլանի մաս է կազմում նստարանը, որն էլ միանում է պարապլանի “թևին”: Բացի այդ նստարանին ամրացված է պարաշյուտ, երբ հնարավոր չի լինում կառավարել պարապլանը, օգնության է հասնում պարաշյուտը:
Պարապլանի նստարանը հարմարեցվում է ոչ միայն օդաչուի հասակին ու կառուցվածքին, այլև այն կարող է նախատեսված լինել տարբեր տեսակի թռիչքների համար: Պարապլանի հետ կա նաև թռիչքի տեսակը որոշող սարքավորում, որն իր մեջ ներառում է տարբեր ֆունկցիաներ. այն շատ փոքրիկ համակարգիչ է, որի էկրանին թռիչքի ժամանակ հայտնվում են տեղեկություններ տվյալ թռիչքի մասին` բարձրությունը ծովի մակարդակից և մեկնարկային կետից, արագությունը, ժամանակը և այլն: Օդաչուի տեխզինվածության մեջ են մտնում նաև սաղավարտը, համազգեստը, համապատասխան կոշիկները, ձեռնոցներն ու ակնոցը:
սկիզբն այսպես էր
Պարապլանը առաջին անգամ գործածվել է 1970-ականների սկզբներին, իսկ պարապլանային սպորտի առաջին առաջնությունը տեղի է ունեցել Ավստրիայում` 1989 թվականին: Ինչպես մնացած բոլոր սպորտաձևերը, այս սպորտաձևն էլ ունի իր ռեկորդները, օրինակ, հեռավորության համար ռեկորդ է համարվել մեկնարկային կետից սկսած ավելի քան 308 կմ-ը, որը գրանցվել է Աֆրիկայում 2006թ. Դեկտեմբերի 7-ին: 2004 թվականի տվյալներով ակտիվ թռնողների ամենամեծ թիվը գրանցվել է Ֆրանսիայում մոտ 25 հազար: 10-20 հազար թռնողներ կան Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և Կորեայում, իսկ ԱՄՆ-ում ընդամենը` 4500 ակտիվ թռնող:
ինչպես թռնել
Պարապլանով միշտ թռնում է մի հոգի, սակայն լինում են նաև “տանդեմ” թռիչքներ: “Տանդեմ” պարապլանները նախատեսված են տանելու ինչպես օսաչուին, այնպես էլ մեկ ուղևորի: Դրանք ավելի մեծ են, բայց նաև շատ համապատասխան: Այս պարապլանները սովորաբար շատ արագ են սավառնում և ավելի լավ են դիմակայում խոչընդոտներին: Եթե մարդիկ ցանկանում են թռնել սովորել, կան դասընթացներ, որոնց շնորհիվ էլ կարելի է թռնել սովորել: Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, դասընթացները լինում են տեսական և գործնական: Մեզ մոտ, օրինակ, տեսական դասընթացը տևում է 1 ամիս` շաբաթական 1 օր` 1-2 ժամ: Գործնական դասերը սովորաբար շաբաթ-կիրակի օրերին են, որոնց ընթացքում փորձում են գետնի վրա պարապլանով վազել, պարապլանը պահել սովորել և շատ ցածր բարձրությունից թռնել` մոտ 50 մետր:
Օրինակ` Ճապոնիայում, որտեղ 100 հազարավոր մարդիկ հետաքրքրված են այս սպորտաձևով, 1 շաբաթյա դասընթացն արժե մոտ $500, որի մեջ է մտնում նաև հյուրանոցում բնակվելը: Իսպանիայում այն արժե մոտ $240 (առանց բնակության), իսկ Չեխիայում` ընդամենը $130:
Գործնականում գրեթե բոլոր երկրներում անհրաժեշտ է դասընթացների համար նախապես գրանցվել, չէ որ դրանք անց են կացվում ամռանը և ցանկացողներն էլ բավական շատ են: Մարզիչները սովորաբար շատ հմուտ օդաչուներ են, ովքեր ծանոթ են պարապլանի թռիչքի տեսությանը, հիմնական օդերևութաբանությանը, տեխնիկական անվտանգությանը և առաջին բուժօգնության կանոններին: Դասընթացի ավարտից հետո պարապլանի կառավարումը յուրացնողները հանձնում են տեսական քննություն և ցուցադրում թռիչքային հմտությունները, որից հետո էլ ստանում են “A” աստիճանի որակավորում, որն էլ իրավունք է տալիս թռնելու “Standard” դասի պարապլանով` բարենպաստ եղանակային պայմաններում: Որոշ ժամանակ անց նա կարող է մասնագիտանալ և ձեռք բերել “B” աստիճանի որակավորում: Մրցումներին մասնակցելու համար անհրաժեշտ է թռնել որոշակի չափ ժամեր կամ թեկուզ մեկ անգամ` 30 կմ` վերջիններս հաստատելով լուսանկարներով` կատարված երկնքից: Այս դեպքում օդաչուն ստանում է “C” աստիճանի որակավորում:
անվտանգություն և ապահովություն
Սպորտսմենների շրջանում վերջին տարիներին բավական բարձրացել է վնասվածքների թիվը: Այն ունի իր բացատրությունը: Բարձրացել են մրցանակային գումարները համաշխարհային առաջնության համար, այս սպորտաձևում հայտնվել են բավական շատ երիտասարդ ու յուրահատուկ սպորտսմեններ և մրցակցությունն էլ դարձել է շատ ավելի բարձր: Ապահովությունը տվյալ սպորտաձևում ուղիղ համեմատական է օդաչուի հմտությանն ու գիտակցությանը: Կարևոր է նշել, որ գրեթե բոլոր պատահարներն էլ օդաչուի սխալի արդյունքներն են:
Հայաստանում առաջին լուրջ վնասվածքը եղել է 1993-94 թվականներին` մի աղջիկ կոտրել է ոտքերը ուժեղ հարվածի հետևանքով, սակայն մեզ մոտ զոհեր չեն եղել:
հետաքրքիր սովորույթ
Մեր ակումբի անդամներից մեկը` Աշոտը, վայրէջքից հետո մոտենում և թեթև խփում է թռնողների հետևին: Պարապլանով վայրէջք կատարելիս հիմնականում ընկնում ես հետևի վրա, և դա էլ իր նշանակությունն ունի. այսինքն` թող քո ամենացավոտ հարվածը
,-նշեց Միհրան Սահակյանը:
more about paragliding
read more
Պարապլաներիզմի մասին կարող եք կարդալ նաև այստեղ` hy.wikipedia.org-ում